Մաթեմատիկա, Մայրենի, Ուսումնական ճամփորդություն

Բանաստեղտություններ

ԳՈՒԹԱՆԻ ԵՐԳԸ

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շուռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյալ է աստված, հորովե՜լ։

Քաշի՛, եզը, ուսիդ մատաղ,
Քաշի՛, քաշենք, վար անենք,
Ճիպտի՛ն արա, քըշի՛, հոտաղ,
Մեր սև օրին ճար անենք։

Պարտքատերը գանգատ գնաց,
Քյոխվեն կըգա, կըծեծի,
Տերտերն օրհնեց, անվարձ մնաց,
Կըբարկանա, կանիծի։

Էն օրն եկան թովջի արին,
Հարկ են ուզում տերության.
Ի՞նչ տամ կոռին ու բեգյառին…
Վարի՛, վարի՛, իմ գութան։

Ձեռըս պակաս, ուժըս հատած,
Հազար ու մի ցավի տեր,
Ինձ են նայում մերկ ու սոված
Մի տուն լիքը մանուկներ։

Արի՛, գութան, վարի՛, գութան,
Օրն եկել է, ճաշ դառել,
Առը շո՛ւռ տուր, խոփիդ ղուրբան,
Օրհնյա՜լ է աստված, հորովե՜լ։

Հունձք կը ժողվեմ…

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
― Լուսնակը յարս է―
Ակոս ակոս ման գալով,
― Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
― Անո՜ւշ են հովեր―
Արտերուն մեջ թափառիկ,
― Մազե՜րն են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
― Կաքավը կու լա―
Կապեցի մե՛կ նարոտով,
― Ձեռքերն են հինա:

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր, Երկինքը պայծառ, Անհամար աստղեր Ցոլցլում են վառ։

Քընած է արդեն Հովտի մեջ գյուղը, Մըթնած ու լուռ է Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական Ընտանիքն ահա Սրահում, կալում, Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց Գրկված են քընած, Վերևիցն, ասես, Ժըպտում է աստված։

Հ.Թումանյան

ԴԺԱՐ ՏԱՐԻ

Վարի՛, գութան ջան, վարի՛,
Շատ է դըժար էս տարի.
Պապին տարան քյոխվի դուռ,
Հարկ են ուզում.— տո՛ւր հա, տո՛ւր…
— Կըտամ, քյոխվա, փող չունեմ։
— Չունե՞ս, Շեկոն կըտանեմ։
— Ամա՜ն, քյոխվա, քեզ ղուրբան,
Շեկոն գընա թող գութան,
Գարնան անենք վար ու ցանք,
Կալը կալսենք, բերենք տանք։
Գարունքը ետ դառավ էլ,
Գութան լըծվեց— հորովե՜լ…
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Դատենք ցորեն ու գարի,
Տանենք ածենք քյոխվի փեշ,
Որ չըտանի մեր գոմեշ։

ՀամոՍահյան -Իմպապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով