Հայրենագիտություն

Վանա լիճ

Վանա լիճը (հնում՝ Տոսպա, Ռշտունյաց, Բզնունյաց, Վասպուրականի ծով, Աղթամար, Նաիրի երկրի ծով) անհոսք աղի լիճ է Հայկական
Տավրոսի հյուսիս-արևելքում, ծովի մակարդակից 1720 մ բարձրության
վրա։ Լճի երկարությունը մոտ 125 կմ է, առավելագույն լայնությունը՝ մոտ
51 կմ, իսկ առավելագույն խորությունը 451 մ է։ Վանա լճի հայելին
ավելի քան երկու անգամ մեծ է Սևանա լճի հայելուց։ Լիճն ունի անկանոն
քառանկյան տեսք, խիստ կտրտված է, հաճախ՝ զառիթափ ափերով։
Լճում կան կղզիներ՝ Լիմ, Առտեր, Կտուց, Աղթամար։
Լիճը սնվում է մթնոլորտային տեղումներից, ստորերկրյա ջրերից և
գետերից։ Վանա լիճ են թափվում Բերկրի, Արճեշ, Մարմետ, Խոշաբ և
այլ մանր գետեր։ Լիճը, նույնիսկ խիստ սառնամանիքների դեպքում,
ամբողջությամբ չի սառցակալում և մեղմացնում է շրջապատի կլիման։
Սառցակալում են միայն նրա հյուսիսարևելյան և հարավարևելյան
ծայրամասային ծանծաղ շրջանները։
Վանա լճի օրգանական աշխարհն աղքատ է։ Ձկներից միայն
տառեխն է։ Թռչնաշխարհին բնորոշ են որորներն ու ջրագռավները,
որոնք այստեղ են գալիս հարևան Նազիկ լճից։ Վանա լճին բնորոշ են
մակարդակի տատանումները։ Ներկայումս լճի մակարդակը
բարձրանում է, որի պատճառով որոշ բնակավայրեր մնացել են ջրի
տակ։ Մերձափնյա բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և աղի
արդյունագործությամբ։ Լճափերին զարգացած են այգեգործությունը,
պտղաբուծությունն ու ձիթենու մշակությունը։
Հնագույն ժամանակներից Վանա լիճը նավարկելի է եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով